ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միություն է, որի նպատակն է վերականգնել ժողովրդի հավատն իր ուժերի եւ իրավունքների նկատմամբ եւ հասարակական, քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու միջոցով նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու ազգային արժեքների պահպանմանը։

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության մեջ կարող են ընդգրկվել այն մարդիկ, որոնք հավատարիմ են քաղաքացիական հասարակության հիմնարար սկզբունքներին եւ ազգային գաղափարներին։

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ նախաձեռնության մասնակիցները, Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչներ վերջին 10-15 տարիների ընթացքում իրենց հրապարակային ելույթներում, հայտարարություններում, հոդվածներում բազմիցս ահազանգել են Հայաստանում ժողովրդավարության նահանջի եւ ազգային արժեքների խեղման մասին, սակայն ցավոք այդ հայտարարությունները մնացել են անարձագանք` հատկապես իշխանությունների կողմից։ Ավելին, ժողովուրդը հիասթափվել է գրեթե բոլոր քաղաքական ուժերից, կորցրել հավատը ազնվության, արդարության եւ վեհ գաղափարների նկատմամբ` այն գաղափարների, որոնք 1988թ.-ին միավորեցին մեր ժողովրդին եւ հիմք հանդիսացան անկախ պետականության վերականգնման եւ պատերազմում հաղթանակի համար։ Մեր կարծիքով այս հիասթափությունն ու խռովքը որքան որ անընդունելի են, նույնքան արդարացի են։ Եվ դրա հիմնական պատճառը մարդկային ամենամեծ արատներից մեկն է` դավաճանությունը, որին արժանացավ մեր ժողովուրդն իր ազնիվ պայքարի շնորհիվ իշխանություն ստացած բազմաթիվ մարդկանց կողմից։ Մեր ժողովրդի ազնիվ մղումներին, նվիրումին ու հավատին ի պատասխան շատ շատերն իրենց վստահված իշխանությունն օգտագործեցին անձնական բարեկեցության համար եւ մոռացան այն վեհ գաղափարները, հանուն որոնց ստացել էին այդ իշխանությունը։

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության անդամները համոզված են, որ ժողովրդի կողմից իշխանությունների եւ քաղաքական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը Հայաստանի համար ստեղծել է խիստ վտանգավոր իրավիճակ, երբ երկիրն այլեւս հնարավորություն չունի արդյունավետ օգտագործելու իր ներուժը եւ, դրա արդյունքում, գնալով թուլանում է ներսից։ Ուստի անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել` օր առաջ երկրում վերականգնելու մարդկանց հավատն առ այն, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ, այլ ոչ թե առանձին անձանց։ Եվ ժողովուրդը պետք է իրապես իր ձեռքը վերցնի իշխանությունը, ընտրի բանիմաց եւ ազնիվ ղեկավարների, հնարավորություն ունենա ցանկացած պահի փոխելու այդ ղեկավարներին, եթե վերջիններս չեն արդարացնում ժողովրդի վստահությունը։ Չի կարելի թույլ տալ, որ պետական կառավարման համակարգն ամբողջովին ու վերջնականապես անցնի միայն անձնական շահով առաջնորդվող մարդկանց ձեռքը։ Մեր կարծիքով ներկա փուլում հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու խռովքը եւ ամբողջ ուժով լծվեն երկրում ժողովրդավարության հաստատմանը։ Մենք համոզված ենք, որ ներկա փուլում բոլոր առողջ ուժերը, ազնիվ մարդիկ պետք է ոչ միայն խոսք ասեն, այլ պայքարեն իշխանության համար, կամ աջակցեն այն ուժերին, որոնք հավատարիմ են եղել ժողովրդավարությանն ու ազգային գաղափարներին։

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնությունը 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններում սատարում է Ազգային ժողովրդավարական կուսակցությանը։ Նախաձեռնության մի շարք անդամներ նաեւ հայտնել են իրենց պատրաստակամությունը` ԱԺԿ կողմից առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու համամասնական ընտրակարգով։


ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ քաղաքացիական նախաձեռնության անունից`

Տարոն Առաքելյան(խմբի համակարգող) Ծնվել է Երեւանում 1967 թվականին։1984թ. ավարտել է Երեւանի Մ. Գորկու անվան հայկական միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով։ 1989թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ Եղել է համալսարանի մեծ խորհրդի անդամ, լենինյան կրթաթոշակառու։ 1992թ. ուսանել է Ֆրանսիայի Պետական կառավարման միջազգային ինստիտուտում (Փարիզ)։ 1993թ. սովորել է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Պետական կառավարման միջազգային կենտրոնում։ 1993թ. տնտեսագիտություն եւ ֆինանսական կառավարում է ուսանել Վիեննայի միացյալ ինստիտուտում (Ավստրիա)։ 1996թ. ուսանել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետում (Վաշինգտոն)։ Մասնագիտացել է ներդրումային ռազմավարության մշակման եւ բանակցությունների ոլորտներում։ 1991-1997թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի (Ազգային ժողովի) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ։ 1996թ. հիմնադրել եւ այժմ էլ գլխավորում է “Զարգացման ծրագրեր” խորհրդատվական ընկերությունը, որը ներկայումս այդ բնագավառի առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում։ 1997թ. ընտրվել է “ԱՄՆ-ի գիտահետազոտական եւ կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միություն” հասարակական կազմակերպության նախագահ։
Հարություն Մարության Ծնվել է 1956 թվականին։ Պատմական գիտությունների թեկնածու։ 2007 թվականի ապրիլին սպասվում է դոկտորական թեզի պաշտպանությունը։ Ժամանակակից ազգային շարժումների եւ ազգային ինքնության, բախումնաբանության մասնագետ։ Մասնագիտական հետաքրքրության այլ բնագավառներն են. աղքատության խնդիրները, հայերի ենթաէթնիկ խմբերի ուսումնասիրումը, հայ ավանդական մշակույթը, Էթնիկ պատմության հարցերը։ Գիտահետազոտական աշխատանքով է զբաղվել ԱՄՆ Միչիգանի համալսարանում (Էնն Արբոր, ԱՄՆ), ինչպես նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (Քեմբրիջ/Բոստոն, ԱՄՆ)։
Սուրեն Ստեփանյան Ծնվել է1966 թվականին։ 1987 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1993 թվականին սովորել է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Պետական կառավարման միջազգային կենտրոնում։ 1994 թվականին սովորել է Միացյալ Թագավորության Բրայթոնի անգլերեն լեզվի ինտենսիվ ուսուցման կենտրոնում։ 2000 թվականին ուսանել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ժողովրդական տնտեսության ակադեմիայի բարձրագույն կառավարման մասնագետների ինստիտուտում։ 1987-1989 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնում, որպես ստաժոր-հետազոտող։ 1989-1990 թթ. աշխատել է Երեւանի պետական համալսարանի ինֆորմացիոն կենտրոնում, որպես ինժեներ-ծրագրավորող։ 1990-1999 թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի (այնուհետ ՀՀ էկոնոմիկայի նախարարության) միջպետական տնտեսական կապերի բաժնի գլխավոր մասնագետ։ 1992-1995 թթ. աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարի աշխատակազմի ղեկավար-կոլեգիայի քարտուղար։ 1995-1998 թթ. աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարության “Մետալուրգիմպէքս” պետական ձեռնարկության տնօրեն։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարության “Հայէներգո” ՓԲԸ աշխատակազմի ղեկավար։ 2000-2003 թթ. աշխատել է Մոսկվա քաղաքում՝ “Ֆունդամենտ” բանկում։
Գայանե Գրիգորյան Միջազգային կրթության ամերիկյան խորհրդի Կրթական խորհրդատվական կենտրոնի ավագ խորհրդատու։ Բանասիրական գիտությունների թեկնածու։
Արամ Հակոբյան Ծնվել է 1963 թվականին Երեւանում։ Բժշկական գիտությունների դոկտոր։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ։ Վերապատրաստվել է ԱՄՆ Միչիգանի համալասարանում։
Ռաֆայել Հովսեփյան Ծնվել է1965 թվականին։ Պատմության ուսուցիչ է։ Մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է Ղարաբաղ մեկնած առաջին պաշտպանական ջոկատների կազմում։ Ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, եղել է միջազգային դիտորդական առաքելության կազմում Ուկրաինայի նախագահական ընտրություններում։
Արա Մայիսի Ավետիսյան Ծնվել է1966 թվականին։ Հանրային առողջապահության մասնագետ, առողջ ապրելակերպի դասընթացավար։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել քաղաքացիական բազմաթիվ նախաձեռնությունների, մասնակցել է ապօրինի անտառահատումների դեմ պայքարի միջոցառումների, ռիսկային խմբերի հետ տարվող աշխատանքների, հասարակական այլ նախաձեռնությունների։
Արշակ Բալայան Ծնվել է 1982թ.։ Փիլիսոփայության մագիստրոս։ Եվրոպայում — ԱՄՆ-ում մասնակցել է մի շարք դասընթացների։ Ներկայումս զբաղվում է տուրիզմով։

Web: www.havatarmutyun.org
Email: havatarmutyun@havatarmutyun.org
Tel: (37410) 56-28-30